Արցախի Գանձասար վանական համալիրին կից կհիմնվի «Մատենադարանի» մասնաճյուղ
Գործադիրի այսօրվա նիստում ընդունվեց Արցախում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ ստեղծելու մասին որոշում:
Հիմնավորման համաձայն՝ Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում և ներկայացնում-լուսաբանում են Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։
Այդ արժեքների հանրահռչակման, դրանց ուսումնասիրության խթանման նպատակով Գանձասարի վանական համալիրին կից, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ներդրումների շնորհիվ վերակերտված կառույցում 2015թ. նոյեմբերի 21-ին բացվել է պատմական Հայաստանի Արցախ և այլ նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանների, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ բնագրերի ու ընդօրինակությունների, վավերա¬գրերի, հնատիպ գրքերի, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռա¬գրերի ցուցադրությունը՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների, պետական ու հոգևոր այրերի։ Ցուցադրության կարևոր մասն են կազմում Գանձասար վանական համալիրում գրված ձեռագրերն ու վավերագրերը։
Մասնաճյուղը գործելու է «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան: