2016 թ. հայ մարզիկները 170 մեդալ են նվաճել
2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Այս մասին հիշեցնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:
2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների Հայաստանի տարբեր հավաքականների անդամներն աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: