Ապրիլից հետո ու առաջ. քաղաքագետների դիտարկումներն ու սպասելիքները
«Վերջին երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հիմնահարցնում մինչև ապրիլյան սրացումն աստիճանաբար ականատեսն ենք եղել նրան, որ Ադրբեջանը խոշորացնում է տրամաչափը, նաև օգտագործվող զենքի տրամաչափը: Ապրիլյան օրերը գագաթնակետն էին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ԵՊՀ-ի պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարգարովը:
Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո համաշխարհային հանրության և միջնորդների մոտ միանշանակ այն ընկալումն է, որ խնդիրը չունի ռազմական լուծում, Ադրբեջանը պետք է հարգանքով վերաբերվի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 1990-ականներին, անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնց արդյունքում շփման գծում խախտումների խնդիրներն ավելի հասկանալի կդարձնեն:
«Այստեղ կա անորոշության էլեմնետ: Առաջարկելով ստեղծել վստահության մեխանիզմներ՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը դրսևորում է դասական ապակառուցողական քաղաքականություն, չի ցուցաբերում պատրաստակամություն, չի համաձայնվում այդ մեխանիզմների ստեղծմանը: Ինչո՞ւ: Ադրբեջանը չի ուզում, որ ևս մեկ անգամ հայտնի դառնա, թե ով է սկսում այն գործընթացը, որը բերում է կրակի ռեժիմի դադարեցմանը»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ավելացմանը, Ա.Մարգարովը նշեց, որ այստեղ էլ հստակություն չկա. «Անհասկանալի է, թե ինչպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները կարելի են ավելացվել, ինչպես կարող է մեծանալ մշտադիտարկման խումբը, որը լինի մշտական տեղում»:
Նրա խոսքով՝ վերջին հայտարարություններից մեկում բացահայտ ասված է, որ այն քաղաքականությունը, իհարկե, առանց նշելու Ադրբեջանի անունը, որը վարվում է ու հանգեցնում է սրացումների, բացարձակապես անընդունելի է, նոր փորձերը Ադրբեջանի համար կրկին բերելու են անցանկալի հետևանքներ:
«Իսկ բուն բանակցային գործընթացը գտնվում է համարյա նույն տեղը, որը եկել է. կողմերի մոտ կա դիրքորոշումների այնպիսի տարբերությունը, որը թույլ չի տալիս այսօր խոսել այն մասին, որ կարելի է մշակել կամ համաձայնեցնել գոնե այն սկզբունքները, որոնք հայտնի են: Այսինքն հաջորդ խնդիրը լինելու է՝ կամ մոտեցնել դիրքորոշումները և կողմերին բերել համաձայնության կամ ներկայացնել նոր առաջարկներ, ինչը բարդ է»,- ասաց նա
Ասուլիսին ներկա «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է բաժանել մինչապրիլյան և հետապրիլյան: Նա նշեց, որ ապրիլյան իրադարաձություններից հետո հիմնական խնդիրը կողմերի միջև վստահության բարձրացումն է: Փորձագետի կարծիքով՝ համանախագահների հիմնական քայլերն հենց այդ ուղղությամբ կլինեն՝ բարձրացնել հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահությունը: