Եվրոպոլը նախազգուշացնում է Եվրոպական մի շարք երկրներում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին
Եվրամիության ոստիկանության ծառայությունը՝ Եվրոպոլը նախազգուշացում է տարածել Սուրբ Ծննդյան և ամանորյա տոներին ընդառաջ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրյուսելում և Եվրոպայի հյուսիսային երկրներում հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը հղում անելով Հունաստանի իրավապահների իր աղբյուրներին:
«Նախազգուշացումը ուղարկվել է դեկտեմբերի սկզբին, նշվել են Ֆրանսիան, Գերմանիան, Բրյուսելը, Եվրոպայի հյուսիսային երկրների մայրաքաղաքները: Եվոպոլը տեղեկացրել է, որ ահաբեկչական գործողությունները կապված են լինելու Սուրբ Ծննդյան և ամանորյա տոնակատարությունների հետ»,- նշել է աղբյուրը:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին երեկոյան Բեռլինի կենտրոնում մարդաշատ հրապարակում բեռնատարը մխրճվել էր բազմության մեջ, որի պատճառով զոհվել էր 12 և վիրավորվել 48 մարդ: Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ դա ահաբեկչական ակտ է: