«The Guardian». Արագ, անորսալի ու գրագետ Մխիթարյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «The Guardian»-ի վարկածով դարձյալ ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործող ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը բարձրացել է 57-րդ տեղ:
«Ժոզե Մոուրինյոյին շատ էին քննադատում Մխիթարյանին չխաղացնելու համար, սակայն վերջերս ֆուտբոլիստը հայտարարեց, որ խնդիրն իր մեջ է: Ամեն դեպքում, նրա բացակայությունը հասկանալը բարդ էր կողքից: Արագ, անորսալի ու գրագետ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում հրաշալի տեսք ուներ Դորտմունդի «Բորուսիայում», այդ պատճառով առաջադիմել է 20 տեղով»,- գրել է պարբերականը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: