ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ-ի պետական բյուջեն
ԼՂՀ Ազգային ժողովը այսօր գումարել է հերթական լիագումար նիստը: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ խորհրդարանին ներկայացնելով «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագծը ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ նախորդ լիագումար նիստից հետո կառավարությանն է ներկայացվել 26 հարց՝ 2 խմբակցության և մեկ պատգամավորի կողմից:
«Այդ հարցերից 20-ը կրկնվող են, որոնց վերաբերյալ կառավարությունն իր տեսակետը չի փոխել, իսկ մյուս հարցերին տրվել է գրավոր պատասխան և ուղարկվել է Ազգային ժողով: Ներկայացվել են նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են բյուջեի նախնական տարբերակում»,-մանրամասնել է Սպարտակ Թևոսյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով առաջարկությունների արդյունքում փոփոխության են ենթարկվել քաղպաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, առողջապահությանը վերաբերող հոդվածները: Այսպիսով՝ բոլոր փոփոխությունների արդյունքում բյուջեի ծախսերը ավելացել են 185մլն 244հազ դրամով և 2017թ.-ի պետական բյուջեի ընդհանուր գումարը կազմել է 94 մլրդ 432 մլն դրամ: