Հաստատվել է ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, պետպատվերի տեղադրման գնի որոշման կարգը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունը, որը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Ըստ այդմ՝ կկարգավորվեն ՀՀ գործադիր մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը, այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետպատվերի տեղադրման գնի որոշման կարգը: Կկարգավորվի ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններից գնվող ռազմական ապրանքների և գույքի գնային քաղաքականությունը՝ խթանելով պետբյուջեի միջոցների ծախսերի արդյունավետության բարձրացմանը և կազմակերպությունների գործունեության կայուն զարգացումը:
Բացի այդ, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնված համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: