Երևանում մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ռուս դեսպանի հիշատակը
Ազգային ժողովում այսօր մեկնարկած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Թուրքիայում սպանված դեսպանի հիշատակը:
«Մենք խստորեն դատապարտում ենք նմանատիպ գործողությունները, որոնք ևս մեկ անգամ ապացույցն են առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգերում առաջնային է և նմանատիպ հանցագործությունների բացահայտումն է, որ պետք է հետագայում կանխարգելի ոճրագործությունների կրկնությունը»,-ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովների համատեղ նիստն իր ներդրումը կունենա հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական և նեդրումային համագործակցության ակտիվացման գործում:
Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր և բարեկամ երկիր է:
Խոսելով անվտանգության խնդիրներից՝ կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջարկով ռուսական կողմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ՌԴ-ի միջև կովկասյան շրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը վերաբերող համաձայնագիրը: Նշվել է նաև, որ կոմիտեի առաջարկով Պետական դումային է ներկայացվել երկրների միջև շարժական և ռազմարդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Լեոնիդ Կալաշնիկովը կարևորել է նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու պետությունների համագործակցությունը:
Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան