«Մանչեսթեր Յունայթեդը» խորհում է Մոուրինյոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին
Մոտ ժամանակներս մանկունիանցիների ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է առաջարկել՝ երկարաձգելու պայմանագիրը։ Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն այս տարվա ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով հոլանդացի Լուի վան Գալին և ակումբի հետ ստորագրելով եռամյա պայմանագիր։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Կարմիր սատանաների» ղեկավարությունն արդեն հիմա քննարկում է պորտուգալացու հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության հարցը։ Ակումբում համոզված են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի ղեկավարությամբ կարող է 21-րդ անգամ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը։
Ինքը՝ Մոուրինյոն, երջանիկ է իր նոր աշխատավայրում։ Ներկա պահին նրա համար մարզական սկզբունքն ավելի կարևոր է, քան ֆինանսականը։
«Ինձ նոր պայմանագիր չեն առաջարկել։ Եվ դա ես չեմ սպասում, քանզի արդեն եռամյա պայմանագիր ունեմ։ Ակումբում բոլորն էլ շատ ուժեղ են աջակցում ինձ։ Այնպիսի զգացում ունեմ, որ այստեղ 3 տարուց ավելի կաշխատեմ։ Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքն ինձ դուր է գալիս։ Գիտեն, որ եթե ինձ մի օր նոր պայմանագիր բերեն, ես առանց մտածելու կստորագրեմ այն։
Չինացիների փողերը բոլորի համար էլ գայթակղիչ են, սակայն ես սիրում եմ ֆուտբոլը, և այն ինձ պետք է բարձր մակարդակի վրա։ 53 տարեկան եմ, չափազանց երիտասարդ, և ինձ բարձր մակարդակով ֆուտբոլի շատ տարիներ են սպասում, մինչ կտեղափոխվեմ այնպիսի վայր, ինչպիսին Չինաստանն է։
Ուզում եմ մնալ այնտեղ, որտեղ դժվար է հաղթել։ Ուստի հիմա ես ճիշտ տեղում եմ»,- նշել է Մոուրինյոն։
Ավելացնենք, որ 17-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ 4-րդ տեղում ընթացող «Արսենալին» զիջելով 4 միավորով։