«Կյանքը սպորտի ռիթմով» նախագծի մարզիչները շնորհակալագիր են ստացել
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Կյանքը սպորտի ռիթմով» նախագծի մասնակից մարզիչները, ովքեր նախագծի իրագործման առաջին օրվանից անշահախնդրորեն մարզել են բոլոր մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը նախարար Հրաչյա Ռոստոմյանի անունից շնորհակալություն է հայտնել մարզիչներին մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի տարածման ուղղությամբ կատարած աշխատանքների համար և նրանց փոխանցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերը:
Հավելենք, որ նախարարության կողմից անցկացվող մասսայական մարզումները դադարեցվել են և նորից կվերսկսվեն տոնական օրերից հետո: Մասսայական մարզումներին մասնակցում են 100-ից ավելի մասնակիցներ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները և հմուտ մարզիչների հետ մարզվել: