Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:
«Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաև տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ գերատեսչությունների աշխատանքը և նշել, որ այդ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում. «Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝ ներգրավվելու տարբեր ծրագրերում»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ձևավորվելու է նաև մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու առավելությունները. «Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»:
Աղբյուրը նշում է, որ Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան