Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ավտոսպորտով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիայի (ՀԱՖ) նախագահ Գագիկ Աղաջանյանի, փոխնախագահ Գուրգեն Սեֆիլյանի, ավտոմոբիլային սպորտի STR ակումբի նախագահ Արսեն Մանուկյանի, 555 STC ակումբի նախագահ Անդրանիկ Հարությունյանի, «Ռետրո մեքենաների» ակումբի նախագահ Օնիկ Զաքարյանի հետ:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի 2016 թ. դեկտեմբերի 16-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել է սպորտային միջազգային ֆեդերացիաների անդամ, Հայաստանի Հանրապետությունում համապատասխան սպորտային առաջնություններ անցկացնելու իրավունք ունեցող մարզական ֆեդերացիաների լիցենզավորման անհրաժեշտության մասին հարցը: «Մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորման խնդրի անհրաժեշտությունը ակնհայտ է: Մենք արդեն նախաձեռնել ենք մարզաձևերի ազգային ֆեդերացիաների լիցենզավորմանը օրենքի ուժ տալու գործընթացը: Ասեմ, որ ավտոմոբիլային սպորտի պարագայում դա նաև մասնակից մարզիկների կյանքի անվտանգության ապահովման խնդիր է»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի փոխանցմամբ՝ իրենք համագործակցում են մեր երկրում գործող ավտոսպորտի ակումբների և կազմակերպությունների հետ: «ՀԱՖ-ը սերտորեն համագործակցում է ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի հետ: Միջազգային ֆեդերացիայի կողմից սահմանված չափորոշիչների պահպանումը պարտադիր է նաև հանրապետական առաջնությունների և մրցաշարերի կազմակերպման ժամանակ»,- նշել է Գ. Աղաջանյանը և տեղեկացրել, որ հանդիպմանը ներկա ավտոսպորտի ներկայացուցիչներին մրցումների կազմակերպման համար ՀԱՖ-ը ցուցաբերում է տեխնիկական աջակցություն:
Քննարկումից հետո որոշվել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից, ՀՀ-ում ավտոսպորտը ներկայացնող բոլոր կազմակերպությունների կարծիքները հաշվի առնելով, կմշակվի փաստաթուղթ, որով կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ավտոսպորտի մրցումների չափորոշիչները: «Եթե մեր այսօրվա քննարկած խնդիրների լուծումը փաստաթղթավորվի և նորմատիվային փաստաթղթի ուժ ստանա, ապա այն պարտադիր կդառնա բոլորի համար»,- ասել է նախարարը: