Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին: «Տասս» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
«Դա նախևառաջ հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, այլ ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց այժմ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,- ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ այժմ իրեն իրավունք չի վերապահում սլաքները որոշակի ուղղությամբ ուղղել, ինչ-որ մեկին մեղադրել: