Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքը
Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այնուհետև նույն նախագիծը քննարկման դրվեց երկրորդ և ամբողջական ընդունելու համար: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ պատգամավորների կողմից հնչեցված առաջարկություններն, ըստ էության, վերաբերում էին ոլորտում վարվող քաղաքականությանը, որոնք հաշվի կառնվեն կառավարության կողմից հետագա քաղաքականությունը մշակելիս ու կներկայացվի պատգամավորների քննարկմանը:
«Բուն օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ էության, առաջարկություն չկա»,- ասաց նա:
Քվեարկության արդյունքում նախագիծն ամբողջությամբ ընդունվեց:
Ազգային ժողովը վավերացրեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը»:
Ազգային ժողովի արտահերթ նստաշարջանն ավարտվեց: