Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթում հաղթել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը
Մշակույթի նախարարությունում այսօր կայացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Panorama.am-ին մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էին ներկայացրել դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը և Ալեքսան Թադևոսյանը: Վերջինս, փոխնախարարի խոսքով, չի կարողացել հաղթահարել մրցույթի առաջին փուլն ու դուրս է մնացել պայքարից:
Մրցույթում հաղթած Ագնեսա Շահնազարյանը օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ով եռօրյա ժամկետում պետք է նշանակի թատրոնի տնօրեն:
Ա. Շահնազարյանը ծնվել է 1980թ. մարտի 17-ին, ՀՀ Նոյեմբերյան քաղաքում: 2000թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2000-03թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: 2003թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Մ.Նորմանի «Բարի գիշեր մամա» (Ջեսսի), Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48» (003), Գ.Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Ադելա), Ռ.Կունի «Գիշերային խրախճանք» (Ջեյն), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Անժելա), Մուրացանի «Ռուզան», Լ.Շանթի «Հին աստվածներ», Գ.Սունդուկյանի «Պատվի համար», Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Գ.Սարգսյանի «Ավելորդ մարդը» (Տաթև), Տ.Չուխաճյանի «Կարինե», Բ.Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Անկա) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում: Մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների, արժանացել մրցանակների: