Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի տիկնիկները պահվում են ավտոտնակում
Ախալքալաքում արդեն 17 տարի է գործում է Դերենիկ Դեմիրճյանի անվան «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը: Թատրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Խոդիկյանը jnews.ge-ի հետ զրույցում ասել է, որ այսօրվա դրությամբ իրենց խաղացանկում 10 ներկայացում ունեն, այնինչ պետական թատրոններն էլ այդքան չունեն:
«70-ից ավել պրոֆեսիոնալ արհեստավարժ տիկնիկներ ունենք, որոնց ամեն մի մասը շարժական է՝ գլուխ, աչք, բերան, ձեռք և ոտք: Բացի դրանից ունեմ տիկնիկներ, որ արտասվում են, ինչը շատ մեծ հաճույք է պատճառում փոքրիկներին: Այս տարիների ընթացքում մասնակցել ենք բազում փառատոնների՝ թե հայաստանյան, թե հանրապետական, թե միջազգային և ամեն անգամ արժանացել ենք ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին: Տիկնիկային թատրոնը գործում է, բայց այն պետական հովանավորությունը, որ պետք է լինի, ինչպես ասենք Բորժոմի, Ախալցխայի և մյուս վայրերում, քաղաքներում, որտեղ կան տիկնիկային թատրոններ, այդ աջակցությունը չկա: Այսօր ես ստանում եմ այսպես ասած մի չնչին աշխատավարձ և ունեմ ընդամենը մի աշխատող»,- ասել է Սամվել Խոդիկյանը:
Նա նշել է, որ ինքն է պատրաստում տիկնիկները, օգնում են կինն ու միակ աշխատակցուհին, ովքեր հանդերձանք են կարում տիկնիկների համար, ինչպես նաև աջակցում են ձայնագրություններին:
«Այս տարիների ընթացքում ստեղծած տիկնիկներս արդեն տեղ չլինելու պատճառով փչանում են, դրանք արվեստի գործեր են, մեր տանն եմ պահում, այնքան շատ են, որ տեղ չունենալու պատճառով ավտոտնակում եմ պահում: 70 տիկնիկը հո խաղ ու պար չի: Եվ ամեն տարի տիկնիկների թիվը ավելանում է»,- ասել է թատրոնի հիմնադիր տնօրենը:
Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ տիկնիկային թատրոնի զարգացման և շրջանում ավելի լայն գործնեություն ծավալելու համար, նա պատասխանել է. «Սրտացավ աշխատանք է պետք: Պետք է մտածեն, որ կորցնելով արվեստը, կկորցնենք ամեն ինչ: Դա համարժեք է դպրոց չունենալուն, եկեղեցի չունենալուն: Տոմսի արժեքը չնչին գումար է, ընդամենը 2 լարի: Բացի դրանից բոլոր ծախսերը իմ վրա է, մեքենան պահելը, շրջագայելը գյուղերով, տիկնիկների վերանորոգումը, հանդերձանքների, ներկերի, դեկորացիայի գումարը: Այս բոլորն աշխատանքի ու գումարի հետ է կապված»: