Սիմեոնե. «Դժվար կլինի «Ատլետիկոյից» լավ թիմ գտնել»
«Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ապագայի պլանների մասին: Այսօր լրացավ 5 տարին այն օրվանից, երբ Սիմեոնեն գլխավորեց «Ատլետիկոն»: Այդ ժամանակահատվածում նա հաղթել է Իսպանիայի առաջնությունում, նվաճել երկրի գավաթն ու Սուպերգավաթը, 2 անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Վերջին շրջանում եվրոպական տարբեր ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ Սիմեոնեն շուտով կհեռանա «Ատլետիկոյից»: Արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է միլանյան «Ինտերը»: Սիմեոնեն հայտարարել է, որ «Ատլետիկոյից» ուժեղ թիմ գտնելը դժվար է, սակայն նաև չի բացառել, որ կարող է մնալ Մադրիդում:
«Դժվար կլինի «Ատլետիկոյից» ուժեղ թիմ գտնել: Իմ պայմանագրի ժամկետի կրճատումը հաստատ օգտակար է ակումբի համար: Ես պետք է շարունակեմ պահանջկոտ լինել ինքս իմ հանդեպ, որպեսզի, որպես մարզիչ, աճեմ: Վերջին ժամանակներս տարբեր զգացումներ ունեմ, շատ մարդիկ իմ փոխարեն արդեն որոշել են, որ հեռանալու եմ «Ատլետիկոյից»:
Այս ամենը կապված է իմ ներքին զգացողությունների հետ, սակայն ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Իսկ ինչո՞ւ չմնամ ակումբում, որտեղ բոլորը սիրում են ինձ, և ես գտել եմ իմ տեղը»: Տեսնենք, թե գործերն ինչ ընթացք կունենան»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն: