Սիրիական բանակը հայտարարել է Հալեպն ամբողջությամբ գրավելու մասին
Սիրիայի կառավարությունը հայտարարել է Հալեպն ամբողջովին ազատագրելու մասին, որի արևելյան մասը երկար ժամանակ գտնվում էր ապստամբների հսկողության տակ: Այս մասին հայտնում է «BBC-ի» ռուսական գործակալությունը:
«Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնում է, որ Հալեպում վերահաստատվել է խաղաղությունն ու անվտանգությունը»,-նշվում է բանակի տարածած հայտարարության մեջ:
Զինվորականները պնդում են, որ Հալեպի արևելյան շրջաններից վերջին ապստամբական խմբավորումներն ու խաղաղ բնակչությունը հեռացել են, ուստի ամբողջ քաղաքն արդեն կարելի է ազատագրված համարել:
Սիրիական բանակի տարածած հայտարարության մեջ Հալեպի գրավումը բնութագրվում է որպես ռազմավարական բեկում ահաբեկչության դեմ մղվող պատերազմի ընթացքի մեջ:
Արևելյան Հալեպից ապսամբների և քաղաքացիական բնակչության տարհանման գործողությունը, որը սկսվել էր դեկտեմբերի 15-ին, իրականացվում էր Ռուսաստանի կողմից՝ Թուրքիայի հետ համաձայնեցված կարգով:
Համարվում է, որ տարհանվել է շուրջ 35 հազար մարդ: Արևելյան Հալեպն արդեն 4 տարի գտնվում էր ապստամբների հսկողության տակ, իսկ վերջին 2 տարին՝ պաշարման մեջ էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից:
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով համաձայնեցրել է Հալեպում մարդու իրավունքների պաշտպանության համար մշտադիտարկում անցկացնելու հարցը: Ռուսաստանը ևս կողմ է արտահայտվել բանաձևին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան