Շահագործման հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շախմատի դպրոցը
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը մասնակցել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցված շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացմանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Երևանի քաղաքապետարանի 2016 թ. ծրագրով Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի 2-րդ մասնաշենքում կառուցված շախմատի դպրոցում պատանի շախմատասերների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված հարմարություններին: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝ պատասխանատուները նշել են, որ շենքում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջութամբ փոխվել են լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Նորաբաց դպրոցի դասասենյակներն էլ կահավորվել են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով և շախմատային պարագաներով:
Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում հատկապես պատանիների շրջանում շախմատի զարգացման նկատմամբ Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրության համար, նշել է, որ նորաբաց դպրոցը հնարավորություն կտա պարապմունքներ անցկացնել մինչև 400 սանի հետ: