Լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատավարությունը կանցկացնի դատավոր Աննա Դանիբեկյանը
Լեզվաբան, դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե խաչատրյանի դաժան սպանության գործով դատավարությունը կկայանա Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Այս գործով մեղադրյալները հինգն են՝ Խաչիկ Կոսյան, Արտաշես Չիչոյան, Արարատ Նիկողոսյան, Արթուր Զաքարյան և Յուրի Հակոբյան: Պաշտպանական կողմը պնդում է, որ եղել է ևս 6-րդ անձը, սակայն քննությունը չի պարզել նրա ինքնությունը:
Մի շարք քննչական և դատավարական գործողություների արդյունքում որպես մեղադրյալ ներգրավվել են 5 անձինք, այդ թվում՝ պաշտոնատար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանը, աներորդին՝ Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում Ե. Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող մարմնի տարբեր մասերի` գլխի, կրծքավանդակի ու որովայնի շրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը խախտելով հասարակական կարգը և իրենց գործողությունները զուգորդելով փողոցով երթևեկող վարորդների, ուղևորների և հավաքված բազմության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբով կատարել են խուլիգանություն:
Մասնավորապես, նշված անձինք տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և ֆիզիկական բիրտ ուժի ցուցադրմամբ սպառնալիք ստեղծել ու տագնապ առաջացրել հավաքվածների շրջանում:
Այդ ընթացքում անտեսելով Եղիշե Խաչատրյանի տարեց մոր՝ որդուն չհարվածելու վերաբերյալ աղերսանքը, հրել են նրան, գցել գետնին, ապա ոտքերով հարվածներ հասցրել որդուն փրկելու համար քաշքշուկի մեջ նետված 75-ամյա Էմմա Աբրահամյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խ. Կոսյանը, Ա. Չիչոյանը, Ա. Նիկողոսյանը, Ա. Զաքարյանը և Յ. Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ներգրավվել են որպես մեղադրյալներ: Մեղադրյալների նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի լեզվաբանը ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից 30 միլիոն դրամ է պահանջում. ՉԻ
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանի ալիբին հաստատվել է. Պնդում է փաստաբանը
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեղադրյալները բանտում ևս օգտագործել են թմրանյութ ու հայտնվել այլ քրգործի թիրախում
- Փորձաքննությամբ պարզվել է, որ լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները թմրամոլ են
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ձերբակալվել է 4-րդ կասկածյալը
- ՀՔԾ. Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ևս երկու անձ է կալանավորվել