«Մոռացված նոր տարին» հեքիաթը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնն իր հերթական Ամանորի նվերն է մատուցել մանուկներին ու պատանիներին: Թատրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ բեմ է բարձրացել Գառնիկ Սեյրանյանի հեղինակած և նրա իսկ կողմից բեմադրված «Մոռացված նոր տարին» հեքիաթը:
«Գաղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաների օրեցօր զարգացումը հաճախ կախվածության մեջ է գցում մարդկանց՝ հատկապես երեխաներին, որոնք անուշադրության են մատնում իրենց հիմնական գործը՝ կրթությունը: Այս ներկայացման հերոսուհին՝արքայադուստր Քնքուշը երբևէ դպրոց չի գնացել, երես առած է և անկիրթ: Օրերից մի օր նա հանդիպում է պալատի այգեպան Դավիթին, որը երգը սրտում մի երազկոտ պատանի է և այդ պատանին արքայադստերը վարակում է իր երազանքներով ու նպատակներով: Այս ներկայացումը ևս մեկ անգամ ամրագրում է, որ միայն կիրթ, կրթված և դաստիարակված երեխան կարող է հասնել իր առջև դրված նպատակներին»,- ասում է Գառնիկ Սեյրանյանը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր երեխա պետք է իր սրտում երազանք ունենա, և այդ երազանքը պետք է ծառայի հզոր ու ամուր Հայրենիք կերտելու լուսավոր երազին. «Կորած է այն երկիրը, որ կորցրել է իր երազը»:
Բեմանկարիչն է Անտոն Քեշիշյանը, ներկայացման երաժշտական ձևավորումն իրականացրել է Իշխան Ղարիբյանը, իսկ պարերի բեմադրությունը ձեռագրել է Նաիրա Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքյան էջից: