Փարաջանովի անունով փողոց Կիևում
Կիևում քաղաքային խորհրդի պատգամավորները մի շարք փողոցների անունները փոխելու որոշումներ են կայացրել: styler.rbc.ua կայքը գրում է, որ փողոցներից մեկը կոչվել է Սերգեյ Փարաջանովի անունով:
64 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել՝ Շևչենկո շրջանում գտնվող Շահումյան նրբանցքն անվանափոխվել, որն այսուհետ կրելու է Սերգեյ Փարաջանովի անունը:
ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը (1924 թ. Թբիլիսի- 1990թ. Երևան) XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից է: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների (Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն):
1966 թ-ին Փարաջանովին հրավիրել են աշխատելու Հայֆիլմ ստուդիայում: 1967 թ-ին նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969 թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թ-ին նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ: 1983–88 թթ-ին Փարաջանովն աշխատել է «Վրացֆիլմում». 1984 թ-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դավիդ Աբաշիձեի հետ), 1986 թ-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988 թ-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկե» մրցանակ՝ 1999 թ., հետմահու) կինոնկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան