Արամ Ավագյան. «2017 թ. գլխավոր նպատակներս են պրոֆեսիոնալ ռինգում առաջընթաց գրանցել և ունենալ բռնցքամարտիկ տղա»
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի համար նորամուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավելի քան հաջող էր: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մեծ առավելությամբ հաղթել էր Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
Սիրողական բռնցքամարտը թողնելու որոշման մասին Ավագյանը տեղեկացրել էր Օլիմպիական խաղերից հետո` հույս հայտնելով, որ հաջողությունն իրեն կուղեկցի արդեն պրոֆեսիոնալ ռինգում:
Panorama.am-ի հետ զրույցնԱրամ Ավագյանի հետ հետաքրքիր ստացվեց: Հայ բռնցքամարտիկը խոսեց 2016 թ. ձեռքբերումների, ձախողումների, տարվա կարևորագույն իրադարձությունների, գալիք տարվա նպատակների և մի շարք այլ հարցերի շուրջ: Իսկ տարվա իրադարձությունները շատ էին` հիասթափությունից մինչև… ամուսնություն:
«Տարվա գլխավոր իրադարձությունը, իհարկե, Օլիմպիական խաղերն էին և տարին սկսվեց Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով: Մարզական տեսանկյունից 2016 թ.-ի ամենակարևոր ձեռքբերումը և, միևնույն ժամանակ, ձախողումը կարող եմ համարել հենց Ռիոյի օլիմպիական խաղերը, քանի որ մրցավայր չէի մեկնել միայն մասնակցության համար, բայց եղավ այն, ինչ եղավ»,- նշեց Ավագյանը:
Եղավ այն, որ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8-րդ եզրափակչում Արամը պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը խոստովանեց, որ թեև մրցակիցը 2012 թ. Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիր էր, բայց դա բավարար չէր իրենից լավը լինելու համար:
Հիասթափության ալիքը չէր, որ Արամ Ավագյանին ստիպեց թողնել սիրողական բռնցքամարտը: Պարզվում է` նման որոշում նա վաղուց էր կայացրել:
«Ես դեռ վաղուց էի որոշել, որ պետք է տեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ, ինչը հիմնականում լինում է մարզիկների մոտ: Օլիմպիական խաղերից հետո ինձ համար սկսվեց ավելի ծանր ժամանակաշրջան: Սկսեցի պատրաստվել իմ առաջին պրոֆեսիոնալ մենամարտին, որն ինձ համար շատ կարևոր էր»,- ասաց նա:
2016 թ. հոկտեմբերը հայ բռնցքամարտիկի համար նշանավոր էր, բայց արդեն ոչ մարզական տեսանկյունից: Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Արամի և նրա ընտրյալի` Լիանայի հարսանեկան արարողությունը: Արամը խոստովանեց, որ Լիանան էլ իր նման ապրում է բռնցքամարտով: Առջևում Ամանորն է և զույգն այս անգամ պատրաստվում է խախտել ընտանեկան ավանդույթը:
«Արդեն տոնածառը դրել ենք և շատ բարձր տրամադրությամբ սպասում ենք Ամանորին և Ձմեռ պապիկին: Մինչև հիմա էլ հավատում եմ նրա գոյությանը: Իհարկե, սա կատակ է (Ժպտում է): Ընտանեկան ավանդույթն այն է, որ այդ օրը բոլորս միասին ենք լինում, բայց այս տարի, հավանաբար, առաջին անգամ Նոր տարին Հայաստանում չեմ նշի»,- նշեց Արամը:
Թե վերջին անգամ քանի տարեկանում և ի՞նչ նվեր է ստացել Ձմեռ Պապիկից, հայ բռնցքամարտիկը դժվարացավ հիշել, սակայն նշեց, թե ինչով է առանձնահատուկ հենց այս Ամանորը և թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարվանից:
«Այս Ամանորը նշանավոր է թերևս միայն նրանով, որ այս անգամ կողակցիս հետ եմ նշելու: Իսկ 2017 թ. գլխավոր նպատակներս երկուսն են` պրոֆեսիոնալ ռինգում առաջընթաց գրանցել և ունենալ բռնցքամարտիկ տղա: Եվ, իհարկե, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորը: Իմ սիրելի հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը խաղաղություն, քանի որ 2016 թ. բավական ծանր ստացվեց իմ ազգի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան