Գյոզալյանը, Լոռեցյանն ու Հարությունյանը կարիերան կշարունակեն «Բանանցում»
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագրեր է ստորագրել հարձակվող Նորայր Գյոզալյանի և կիսապաշտպաններ Արամ Լոռեցյանի ու Կարեն Հարությունյանի հետ:
Երեք ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սաներ են և տարբեր ժամանակահատվածում հանդես են եկել «Բանանցի» կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա Նորայր Գյոզալյանը 2007-ից 2011 թթ. «Բանանցի» կազմում խաղացել Բարձրագույն խմբում, ապա տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Այս թիմի կազմում Նորայր Գյոզալյանը 2012/13 մրցաշրջանում ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»: 2013/14 մրցաշրջանից հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում:
Բոլոր մրցաշարերում Գյոզալյանը մասնակցել է 225 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ: Այդ գոլերից 3-ը նա խփել է եվրագավաթների որակավորման փուլի հանդիպումներում, իսկ Հայաստանի առաջնության հանդիպումներում դարձել է 56 գոլի հեղինակ: Նորայր Գյոզալյանն «Ալաշկերտի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր:
23-ամյա Արամ Լոռեցյանը «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում հանդես է եկել 2013-2015 թթ., ապա խաղացել է «Ալաշկերտում» և «Արարատում»: Արամ Լոռեցյանը երկու անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն՝ 2013/14 մրցաշրջանում` «Բանանցի» կազմում, իսկ 2015/16-ում՝ «Ալաշկերտում»: Նա նաև «Բանանցի» կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը:
21-ամյա Կարեն Հարությունյանը 2015 թ. հեռացել էր «Բանանցից»: Նա Բարձրագույն խմբում «Բանանցի» կազմում մասնակցել էր 28 խաղի և դարձել էր 1 գոլի հեղինակ: Հենակաետային կիսապաշտպանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտաարդական հավաքականի կազմում