Կվիտովան դուրս է գրվել հիվանդանոցից
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան, ով սեփական բնակարանում հարձակման էր ենթարկվել և դանակի հարված էր ստացել ձախ ձեռքին, դուրս է գրվել հիվանդանոցից և հանդես եկել հայտարությամբ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Բժիշկները, ոստիկանությունը, իմ ընտանիքն ու իմ թիմն այս դժվարին պահին ինձ շատ են օգնել: Բոլորից ուզում եմ շնորհակալություն հայտնել` այս 4 օրերի ընթացքում նման աջակցություն ցույց տալու համար:
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել երկրպագուներից ու պարզապես սրտացավ մարդկանցից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թեև կատարվածը վախ է ներշնչում, բայց ես ինձ զոհ չեմ համարում, չեմ պատրաստվում խղճալ ինձ ու հետ նայել անցյալին:
Ամբողջ ուժերս կներդնեմ շուտ ապաքինվելու և իմ սիրելի գործով զբաղվելու համար: Երեկ կարողացել եմ շարժել ձախ ձեռքիս մատները, դա ինձ համար ամանորյա լավագույն նվերն էր: Հիմա կհանգստանամ ու շուտով կվերադառնամ»,- նշել է Կվիտովան: