Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը
ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստուհիների անունները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կայանալիք կանանց շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է chess-news.ru-ը:
Մասնակիցների թվում են Հայաստանի ուժեղագույն երկու շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան մասնակցության իրավունքը նվաճել է 2014 թ. Եվրոպայի անհատական առաջնությունում, իսկ Լիլիթը՝ հաջորդ տարվա նույն մրցաշարում:
Ընդհանուր առմամբ` կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը կվիճարկեն 64 շախմատիստուհիներ: Նրանցից 62-ն աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանի գլխավորությամբ արդեն հայտնի են, իսկ երկուսին կանվանի ՖԻԴԵ-ի նախագահը:
Վիճակահանությամբ շախմատիստուհիները զույգեր կկազմեն և երկու պարտիայից բաղկացած մրցախաղերում կորոշեն հաջորդ փուլի մասնակիցներին: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում: Եզրափակիչ մտած շախմատիստուհիները կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: