Սարգիս Շահինյան․ «Ուզում եմ ապացուցել, որ որոշ մարդիկ իմ հարցում սխալվել են»
Ձմեռային տրանսֆերային շրջանի առաջին ձեռք բերումը «Գանձասար-Կապանի» համար դարձավ Սարգիս Շահինյանը։ Կիսապաշտպանի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Երիտասարդ, բայց արդեն փորձառու Շահինյանի համար «Գանձասար-Կապանը» նոր մարտահրավեր է։ Ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում նա խոսել է իր տեղափոխության, թիմի ներքին խոհանոցի մասին և նշել, որ իր աչքերը վառվում են «Գանձասար-Կապանի» կազմում խաղ անցկացնելու սպասումից։
Վերջին ակումբս՝ «Փյունիկն» էր, այդ ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո ես մեկնել էի Ուկրաինա, որպեսզի փորձաշրջան անցնեի Կիևի «Օլիմպիկում»։ Ինչ-ինչ պատճառներով այդ տեղափոխությունը չստացվեց։ Թե ինչո՞ւ, չեմ ուզում մանրամասնել։ Պատճառը ես չէի: Վերադարձա Հայաստան, ցանկացա ուժերս փորձել «Արարատում», բայց այնտեղ ինձ ասացին, որ նոյեմբերին գամ, քանի որ առաջնությունը ընթացքի մեջ է, իսկ տրանսֆերային պատուհանն էլ փակ է։
Անհատական մարզումներ էի անցկացնում «Միկա» մարզահամալիրում։ Դրանցից մեկի ժամանակ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նկատեց ինձ և ասաց, որ իրեն հենց իմ ֆուտբոլային որակներն ունեցող ֆուտբոլիստ է պետք։ Եվ, որ գամ ու մարզվեմ թիմի հետ, եթե կարողանամ արդարեցնել ինձ մարզումների ընթացքում, ապա «Գանձասար-Կապանը» պայմանագիր կառաջարկի։ Եթե այսօր համարվում եմ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ, ուրեմն արդարեցրել եմ ինձ»:
Խոսելով նպատակների մասին` Շահինյանը նշել է, որ թիմի կազմը չեմպիոնական է և պետք է պայքարի բարձր հորիզոնականներ գրավելու համար և իր կարծիքով` «Գանձասար-Կապանն» այժմ այն դիրքում չէ, որտեղ պետք է լիներ։ Բայց հավաքներ անցկացնելուց և քրտնաջան մարզումներից հետո թիմը կկարողանա պատշաճ մակարդակով ներկայանալ առաջնության երկրորդ կեսին:
«Ինչ կարող եմ, անելու եմ թիմին օգնելու համար։ Շատ բան կախված է նաև մարզչից, որովհետև նա է որոշելու, թե ինչ պետք է անեմ։ Ես զրուցել եմ Աշոտ Բարսեղյանի հետ և նա ասել է, որ ինձ հետ մեծ հույսեր է կապում։ Կաշխատեմ արդարեցնել։ Մարզումների ընթացքում աշխատելու եմ 100 տոկոսով, որպեսզի կարողանամ ապացուցել, որ իմ հարցում չեն սխալվել։ Կան նաև այլ մարդիկ, որոնց նույնպես ես ապացուցելու բան ունեմ։ Ուզում եմ «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթներով ապացուցել, որ որոշ մարդիկ ինձ վերաբերող որոշ հարցերում սխալվել են»,- նշել է ֆուտբոլիստը: