Չձգտել մաքսիմալի, եթե ինչ-որ բան պակաս լինի, ոչինչ էլ չի պատահի. հոգեբան
Ամանորը մարդուն հնարավորություն է տալիս ինչ-որ բացասական երևույթներ դնել մի կողմ և անցնել առաջ՝ հոգեբանորեն տրամադրվելով դեպի լավը,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը՝ անդրադառնալով մարդու հոգեկան վիճականի Ամանորի նախաշեմին:
Նրա խոսքով՝ այս տեսանկյունից տոնն ունի դրական նշանակություն անձի համար:
Հոգեբան Մարիետա Խուրշուդյանը նշեց, որ առհասարակ, երևի թե, բոլորը տոնը դիմավորում են որոշակի սպասումներով. «Տարվա հոգնածությունը, լարվածությունը կուտակելով սպասում են, որ Նոր տարուն ինչ-որ բան կզրոյանա, ինչ-որ բան կգա իր ելակետին, նոր ծրագրեր առաջ կգան: Իսկ սրանց համար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, պետք է հստակ հասկանալ՝ ինչ փոփոխությունների ենք սպասում»:
Բացի թվարկվածից, հոգեբանը գտնում է, որ անպայման պետք է օբյեկտիվորեն գնահատել նախորդ տարին՝ ինչ նվաճումներ ու ձեռքբերումներ են եղել, ինչ չհասցրեցինք անել:
Ինչ վերաբերում է նախատոնական հոգսերին ու դժգոհություններին՝ Լիլիթ Բաղդասարյանն ասաց. «Դժգոհությունների հիմնական պատճառը տոնը նյութականացնելն է: Յուրաքնաչյուր տոն առաջին հերթին հոգևոր արժեք ու ուրախություն է: Նախապատրաստվել տոնի, նշանակում է նախապատրաստվել լավ ժամանցի, այլ ոչ թե հոգսերի: Պարզ է նյութականի մասին մոռանալ չենք կարող, բայց քանի որ ողջ տարվա ընթացքում այդ նյութականն առկա է, պետք փորձել այլ կերպ տրամադրվել տոներին»:
Մարիետա Խուրշուդյանն ավելացրեց՝ չձգտել մաքսիմալի, ամեն ինչ արտակարգ ձևով անելուն, եթե ինչ-որ բան պակաս լինի, ոչինչ էլ չի պատահի. «Հարկավոր է պատրաստվել այնքան, ինչքան կարող եք ու հասցնում եք՝ առանց զոհաբերելու ձեզ և ձեր տրամադրությունը»:
Մասնագետները խորհուրդ տվեցին՝ չզլանալ, շնորհավերանքներ գրել, փոքրիկ նվերներ անել հարազատներին ու մտերիմներին, թեկուզ դա լինի մեկ շնորհավորկան բացիկ, որը կապահովի տոնական մթնոլորտը, իսկ տոնական նախապատրաստություններին անպայման մասնակից դարձնել նաև երեխաներին՝ տոնածառ, սեղան զարդարել կամ թխվածքաբլիթ պատրաստել միասին:
Հարակից հրապարակումներ`
- Շատի, մեծի, չտեսնվածի ու չլսվածի գաղափարից պետք է ձերբազատվենք. Սեդրակ Մամուլյան
- Ամանորին ընդառաջ մասնագետները հիշեցնում են առողջ սնուցման կարևորագույն բաղադրիչները