Էժենի Բուշար. «Ուզում եմ կայուն լինել, այլ ոչ թե վայրի ու անկանխատեսելի»
Կանադուհի Էժենի Բուշարը մեկնաբանել է այն փաստը, որ վերսկսել է համագործակցությունը մարզիչ Թոմաս Հոգդստեդտի հետ։ Բուշարը Հոգդստեդտի հետ հանդիպել է Ֆլորիդայում ու ներողություն խնդրել այն բախման համար, որը հանգեցրել է համատեղ աշխատանքի դադարին։
«Ես չեմ կարծում, որ մենք դադարեցրել ենք համագործակցությունը։ Ավելի շուտ՝ այդ տհաճ միջադեպի պատճառով ընդմիջում էինք վերցրել։ Նա սխալ որոշում կայացրեց, ես՝ նույնպես, և ամեն ինչ վատ ավարտվեց։ Կարծում եմ՝ ուրախ ենք, որ կրկին միասին ենք սկսում աշխատել, որովհետև իրականում մենք ոչ մի լուրջ խնդիր չենք ունեցել, և մեզ դուր էր գալիս ժամանակը համատեղ անցկացնել։ Հիմա որոշել ենք մոռանալ բոլոր մանր խնդիրները»,- Բուշարի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Թենիսիստուհին խոսել է նաև այն մասին, որ իր թիմում ընդգրկվել է ֆիզպատրաստության գծով մարզիչ Կասիանո Կոստան։
«Անցած մրցաշրջանի երկրորդ շրջանում նույնիսկ ֆիզպատրաստության գծով մարզիչ չունեի։ Կարծում եմ՝ դա պատճառներից մեկն է, որ ցանկալի հաջողության չհասա։ Հիմա ուզում եմ կայուն լինել, այլ ոչ թե վայրի ու անկանխատեսելի։ Ինձ կայունություն է պետք»,- նշել է Բուշարը։