Կապանում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործը «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել» հոդվածով է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը:
Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը»: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: