Իրանի հեղինակավոր պարբերականը թողարկել է Վարդան Ոսկանյանի՝ հայ-իրանական կապերին առնչվող հոդվածը
Պարսից ծոց-Կասպից ծով միջանցքի ձևավորումը կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Իրանի և Հայաստանի,- այդ մասին նշված է իրանական «Իրան» օրաթերթում թողարկված հոդվածում:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, «Իրան» օրաթերթում թողարկված հոդվածում, անդրադառնալով հայ-իրանական 25-ամյա դիվանագիտական հարաբերություններին, նշել է, որ Թեհրանն ու Երևանը նույնիսկ Հայաստանին պարտադրված պատերազմի և շրջափակման, ինչպես նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պայմաններում մշտապես համադրել են միմյանց շահերը:
Մատնանշելով Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարած այցն ու Թուրքիայում տեղի ունեցող հակաիրանական բողոքի ցույցերը՝ Վարդան Ոսկանյանը կարևորել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանը, համոզմունք հայտնելով, որ այն կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Իրանագետը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, նշել է. «Ներկայում էներգետիայի ոլորտում Իրանն ու Հայաստանը համատեղ մի շարք կարևոր նախագծեր են իրականացնում: Առաջիկայում շահագործման կհանձնվի Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի գործարկմամբ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համագործակցությունն ավելի կընդլայնվի: Բացի այդ՝ նախատեսվում է Իրան-Հայաստան գազատարի միջոցով գազ արտահանել նաև Վրաստան»:
Կարևորելով Պարսից ծոց-Կասպից ծով միջանցքի ձևավորումը՝ իրանագետը նշել է, որ այն կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Իրանի և Հայաստանի համար: Նրա խոսքով՝ Հայաստանում կառուցվող հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը լիարժեք կդարձնեն այդ նախագիծը:
Վարդան Ոսկանյանը, կարևորելով Պարսից ծոց-Կասպից ծով միջանցքի քաղաքական նշանակությունը, նշել է, որ մի կողմից Իրանը հնարավորություն կունենա իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում և Հայաստանի տարածքով անվտանգ կապվել Եվրոպային, իսկ մյուս կողմից Հայաստանը հնարավորություն կունենա ճեղքել Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակումը:
Նշենք, որ Իրանում վերջերս անցկացված հարցումների համաձայն՝ ամենաշատ տպաքանակ ունեցող օրաթերթերի առաջին և երկրորդ տեղը զբաղեցնում են «Համշահրի» և «Իրան» օրաթերթերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան