Նորայր Գյոզալյան. «Եվրագավաթներում հաջողությունների հասնելու ցանկությունս մեծ է»
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց հետո Նորայր Գյոզալյանը նշել է, որ թիմի ներկայիս կազմն ու մարզչական շտաբը լավն են և կարելի է մտաշել տիտղոսներ նվաճելու մասին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանց» տեղափոխվելն իմ ցանկությունն էր: Խոսեցի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի և գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ. նրանք նույնպես նույնն էին ցանկանում և այդպես ստացվեց վերադարձս: Այստեղ անցկացրել եմ 13 տարի և շատ հաճելի է վերադառնալը: Հուսով եմ, որ իմ խաղով ու գոլերով կկարողանամ թիմին օգնել լինել, իսկ ակումբն էլ ինձ հնարավորություն կտա հաջողություններ ունենալ իմ կարիերայում»,- նշել է Գյոզալյանը:
Արդեն մոտ վեց տարի է անցել, ինչ ֆուտբոլիստը հեռացել է «Բանանցից»: Նրա կարծիքով` փոփոխությունները նկատելի են:
«Վեց տարին մեծ ժամանակահտված է և այդ ընթացքում շատ փոփոխություններ են կատարվել թե՛ ակումբում, թե՛ թիմում: Հին տղաներից մնացել են միայն Արամ Բարեղամյանն ու Ստեփան Ղազարյանը: Այդուհանդերձ, ճանաչում եմ թիմի ներկայիս կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստներին: Մեծ մասի հետ խաղացել ենք տարբեր թիմերում կամ միմյանց դեմ: Թիմում կան և՛ փորձառու տղաներ, և՛ երիտասարդներ: Հուսով եմ, որ այդ երկուսի համադրությունը կտա ցանկալի արդյունք»,- ասել է նա:
Ֆուտբոլիստը նշել է, որ պետք է պայքարել և փորձել առաջնությունում որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել:
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաջող խաղանք ու նվաճենք գավաթը: Վստահ եմ, որ կարող ենք դա անել, քանի որ լավ տղաներ են հավաքված և աշխատում է լավ մարզչական կազմ: Եվրագավաթներին մասնակցությունը շատ կարևոր է թե՛ ակումբների, և թե՛ ֆուտբոլիստների համար: Այդ պատճառով պետք է ամեն ինչ անել` այդ ուղեգիրը նվաճելու համար: «Բանանցի» հետ եվրագավաթներում հաջողությունների հասնելու ցանկությունս մեծ է, քանի որ մի քանի փորձ եղել է, սակայն այդ փորձերը հաջող չեն եղել»,- ասել է Գյոզալյանը: