«Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ չի հասցրել վերջնական ուսումնասիրել պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկը:
«Հնարավոր չէ երեք ամսում ծանոթանալ մշակույթի հսկայածավալ ուղղությունների բոլոր ցանկերի, արձանագրությունների, որոշումների, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի հետ: Կարծում եմ՝ գերբնական ուժերի դեպքում անգամ հնարավոր չէ ունենալ նման ծանոթացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Արմեն Ամիրյանը պատասխանելով Փակ շուկային մասին հարցին, ասել էր, որ այն ներառված չէր հուշարձանների ցանկում:
Այսօրվա հանդիպման ժամանակ նա նշեց. «Ինձ շտկեցին, որ կարծես եղել է ցանկում, այո»:
Այստեղ հիշեցնենք, որ նախարարը ասուլիսին պատասխանում էր տարիներ շարունակ հանրությանը վրվովվեցնող դեպքի, կարելի է ասել՝ հանցագործության մասին հարցի շուրջ, և գոնե որպես քաղաքացի, որպես հանրության անդամ, ում հետաքրքիր է եղել մշակութային անցուդարձը, նույնիսկ սիրողական մակադակով, ինչ-ինչ, բայց Փակ շուկայի՝ հուշարձանների ցուցակում լինելուց պիտի տեղյակ լիներ:
Այսպիսով՝ մշակույթի նախարարի այս պատասխանը նույնքան տարօրինակ է ու անտարբեր, որքան և նախորդը:
Խոսելով մշակույթի նախարարությունում օպտիմալացման մասին, Ա.Ամիրյանն ասաց, որ աշխատակազմը 20 տոկոսի չափով կրճատվելու է. «Ցավով եմ ասում, որովհետև մարդկային ճակատագրերի հետ է կապված այս ամենը: Միաժամանակ եթե վիրահատություններ չլինեն, ապա առողջացում չի լինի»:
Ինչ վերաբերում է Համազգային և Մնջախաղի թատրոնների շենքերի խնդիրներին, նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ երկու հարցն էլ համարում է լուծված, հատկապես Մնջախաղի թատրոնի շենքի հարցը:
«Պարզապես թույլ տվեք չշտապել և առաջ չանցնել ժամանակից: Վստահեցնում եմ, որ 2017-ին կտեղեկանաք արդեն թատրոնի տրամադրվելիք տարածքի մասին»,- հավելեց Ա.Ամիրյանը:
Ինչ վերաբերում է Համազգային թատրոնին, որը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, նախարարն ասաց. «Այս հարցն էլ պետք է լուծում ստանա: Վստահեցնում եմ այն դասախոսներին, ուսանողներին, ովքեր անհանգստացած էին այս ընթացքում, որ մեկի հաշվին մյուսի հարցին լուծում չի տրվելու: Հարցերը լուծվելու են երկուստեք»:
Արմեն Ամիրյանը խոստացավ, որ 2017-ը լինելու է մշակութային, մշակույթով լեցուն տարի, այնպիսի մշակույթով, որը ջերմացնելու է մարդկանց սրտերն ու հոգիները:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարությոնը դժգոհ է Հայաստանի Ազգային կինոկենտրոնից
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- «Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին
- Համազգային թատրոնի կառուցումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան