Կվիտովա. «Ծննդյան տոնի լավագույն նվերը մատներս շարժելու հնարավորությունն է»
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում վիրահատությունից հետո։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Պետրան հարձակման էր ենթարկվել իր իսկ բնակարանում ու դանակի վերք ստացել ձեռքին։ Պարզվեց, որ վնասվածքը բավական լուրջ է, ուստի թենիսիստուհին վիրահատվեց։
Այժմ արդեն Կվիտովան ապաքինվում է և այդ ուրախալի նորությամբ կիսվել է լրագրողների հետ։
«Երեկ առավոտյան, երբ հանդիպեցի բժիշկների հետ, շարժեցի ձախ ձեռքիս մատները։ Կարծում եմ՝ դա Ծննդյան տոնի լավագույն նվերն է, որը կարող էի ցանկանալ,- Կվիտովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Հիմա մնում է միայն սպասել։ Վերականգնումը կարող է տևել երեք ամիս, կես կամ մեկ տարի, սակայն, ամեն դեպքում, կվերադառնամ կորտ։ Ջանք չեմ խնայի, որպեսզի դա տեղի ունենա»։
Ներկա պահին Կվիտովան WTA-ի սանդղակում զբաղեցնում է 11-րդ տեղը։