Հալեպահայերը, ում գործերը լավ չեն Հայաստանում, ուզում են վերադառնալ
Հայաստան տեղափոված սիրիահայ մի քանի տասնյակ երեխաներ այսօր ՀՀ նախագահի նստավայրում էին՝ մասնակցելու Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառմանը:
Սոնա Միքայելյանը սովորում է 5-րդ դասարանում: Նրա ցանկությունն է՝ աշխարհում լինի խաղաղություն, իր ընկերուհիներին ցանկանում է առողջության, դպրոցում ստանան բարձր գնահատականներ: Սոնան արդեն 4 ամիս Հայաստանում է: Նա հարմարվել է իր նոր միջավայրին՝ նոր տանն ու նոր դպրոցին:
«Հալեպում վիճակը վատ էր, մենք որոշեցեինք ընտանիքով գալ Հայաստան: Հիմա արդեն չեմ ցանկանում վերադառնալ Հալեպ»,- ասաց նա:
5-րդ դասարանում սովորող հալեպահայ տղան, ի տարբերություն Սոնայի, ցանկանում է վերադառնալ Հալեպ: Նրանք 6-7 ամիս առաջ են տեղափոխվել Հայաստան:
«Հիմա Հալեպում շատ բարեկամներ, ընկերներ ունենք, ասում են, որ վիճակը լավանում է: Հայրիկիս գործերն այստեղ լավ չեն, ուզում ենք հետ գնալ: Ես էլ եմ ուզում վերադառնալ»:
6 տարեկան Ցոլին Պարսումյանը սովորում է 1 դասարանում: Նա Ձմեռ պապից ուզել է երեքհարկանի տուն:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնից Նորա Փիլիպոսյանը Panorama.am-ի հետ զրույցում սիրիահայ բոլոր երեխաների անունից շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երեխաներին՝ անսահման երջանկություն, փայլուն ապագա:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ այս տարվա ընթացքում մոտ 700-800 սիրիահայ է եկել Հայաստան, հատկապես վերջին ամիսներին, երբ Հալեպում հայկական թաղամասերում վիճակը մի փոքր լարվել էր:
«Մեր հաշվարկներով այս տարիների ընթացքում արդեն 20 հազարից ավելի սիրիահայ է տեղափոխվել Հայաստան: Չունենք դեպքեր, երբ ամբողջ ընտանիքով հետ վերադառնան: Լինում են դեպքեր, երբ ընտանիքի անդամներից մեկն է գնում՝ տունը, խանութը ստուգում ու էլի հետ վերադառնում»,- ասաց նա:
Ֆ. Զաքարյանի խոսքով՝ այսօր սիրիահայերը հիմնականում դիմում են իրենց առողջապահական խնդիրներով, կրթական խնդիրները հիմնականում լուծված են:
«Մնում է աշխատատեղերի խնդիրը, բարձր վարձատրվող աշխատատեղեր, ըստ էության, չկան»,- հավելեց նա:
Միաժամանակ Ֆ.Զաքարյանը նշեց, որ սիրիահայերը նոր մշակույթ են բերել իրենց հետ՝ իրենք իրենց բիզնեսն են ստեղծում, ներգրավում են սիրիահայ հայրենակիցների՝ այսպես թեթևացնելով նաև իրենց հոգսը:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այն սիրիահայերը, ովքեր նոր գործ են սկսել այստեղ ու ամբողջությամբ տիրապետում են ՀՀ հարկային, մաքսային օրենսդրությունը՝ «սովորաբար չեն բողոքում»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական բանակը հայտարարել է Հալեպն ամբողջությամբ գրավելու մասին
- Մեծ թվով հալեպահայեր երազում են վերադառնալ. Հրապարակախոսը՝ Հալեպից
- Հալեպահայերին պետք է ցույց տալ, որ Հայաստանը, կներեք, դժոխք չէ. Սաքո Արեան
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան