Տարվա լավագույնները. Մկրտչյան, Ասլանյան, Գյոկչյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թ. լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն: Հարցմանը մասնակցել են մարզական լրագրողները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվել էր Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող:
2-րդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը:
Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, որը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլել էր հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակը եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել է նաև 2016 թ. լավագույն մարզչի անունը: Ինչպես և սպասելի էր, առաջին տեղում է հավաքականի և Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
51-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հուլիսին դարձել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող` անցկացրած 5 հանդիպումներում տոնելով 4 հաղթանակ:
2-րդ տեղում է հայտնվել Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հուլիսին դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող:
Եռյակը եզրափակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիբո Պետին: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը 6 հանդիպում էր անցկացրել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում և տոնել 3 հաղթանակ: