«Անահիտ» մրցանակին հավակնում է 14 ֆիլմ
«Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 45 հայտ, որոնք ներկայացվել են 11 անվանակարգի համար:
Կինոակադեմիայի 35 անդամի առաջին քվեարկության արդյունքում անվանակարգերում առաջադրվել է 14 ֆիլմ: Ամենաշատն առաջադրվել է Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ 8 անվանակարգում: Լրագրողների հետ հանդիպմանը Հայկական ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ «Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխությանը կկայանա դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում, որը եթեր կհեռարձակվի հաջորդ օրը ժամը 21:30-ին:
11 անվանակարգերն են՝ լավագույն խաղարկային ֆիլմ, վավերագրական ֆիլմ, կարճամետրաժ ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, դերասան, դերասանուհի, նկարիչ, կոմպոզիտոր:
Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Ասուլիսին ներկա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ նման մրցանակաշախություն անցկացնելու ցանկություն կար հենց ակադեմիայի ստեղծման օրվանից, բայց քանի որ կար Ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը, ինքնաարտահայտվելու ժամանակ տվեցին:
«Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում «Հայակ»-ը չի կայացել, ակադեմիան, որը կոչված է անցկացնելու մրցանակաբաշխություններ, որոշեց կյանքի կոչել «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մենք որոշեցինք անել բաց քվեարկությամբ, երբ ամեն մարդ ստորագրում է ու պարզ է դառնում, ով որ ֆիլմին է նախապատվություն տալիս»,- ասաց Հ.Խաչատրյանը:
Նա նշեց, որ հաղթած ֆիլմերը կինոակադեմիան կտանի ներկայացնելու աշխարհում:
Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանը կարևորում է մրցանաբաշխությունը, որովհետև այն, ըստ նրա, ստեղծում է մթնոլորտ, որը կարևոր խթան է ֆիլմարտադրության համար, մարդիկ կսկսեն սպասել մրցանաբաշխությանը, ֆիլմարտադրողներն աշխատանքներում կլինեն ավելի ճշգրիտ: Նա նշեց, որ ընտրության ժամանակ դիտարկում էր ֆիլմերը՝ ելնելով բարձր չափանիշներից: Ա.Երզնկյանի խոսքով՝ ընտրության ժամանակ բոլորը եղել են օբյեկտիվ, ընտրել են այն ֆիլմերը, որոնք իրականում այսօր կարող են իրենց տեղը գրավել կինոարտադրության բազմազանության մեջ:
«Իրականում Հայաստանում կա ֆիլմարտադրություն, կա ֆիլմերի բազմազանություն: Երբ նայում ես ցուցակը, տեսնում ես, որ իրոք, ընտրություն կա: Երբ խոսքը գնում էր բաց քվեարկության մասին, մտավախություն ունի: Հետո հասկացա, որ ճիշտ որոշում է, տեսնում ենք, ով ինչ նախընտրություն ունի, ում է տեսնում այս բազմազանության մեջ լիդեր»,- նշեց կինոգետը:
Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ կարևոր է այն, որ նոր անուններ են եկել կինո, նոր սերունդ է եկել կինո, որը կայանում է. «Եկել է սերունդ, որն այս Հայաստանում է ձևավորվել իր կինոմտածողությամբ, կենսափորձով: Կարևոր բան է: Սա նաև ազդեցություն է գործում կինոլեզվի վրա»:
Նա նշեց, որ ֆիլմերի քանակը կարևոր, որպեսզի երևա սերուցքը:
«Մրցանակները մի տեսակ դառնում են կինոյի զարգացման գլխավոր միտումների արձանագրություն: Իրենցով սահմանվում են որոշակի սանդղակ՝ արվեստի, ճաշակի, պրոֆեսիոնալիզմի: Կարևոր է հասարակության մեջ այդ սանղակը ստեղծելը: Առանց այդպիսի ակադեմիական մոտեցումների հավանական է, որ մարդիկ երբեմն կորցնեն իսկականը, գնան այլ արտադրանքի հետևից»,- ասաց Դ.Մուրադյանը:
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխության անվանակարգերն ու հավակնորդները
Լավագույն խաղարկային ֆիլմ
«Բարի լույս», ռեժիսոր Աննա Արևշատյան
«Կյանք ու կռիվ», ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան
«Վարդապետի լռությունը», ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«28:94 Տեղական ժամանակ», ռեժիսոր՝ Դավիթ Սաֆարյան
Լավագույն վավերագրական ֆիլմ
«Դատավարություն», ռեժիսոր՝ Արա Մնացականյան
«Վերջին ցանկություն», ռեժիսոր՝ Արմեն Խաչատրյան
«Փակուղի», ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Ո՞վ կա այդտեղ», ռեժիսոր՝ Աշոտ Հովսեփյան
«Սիմոնի ճամփան», ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան
«Քաղաք քաղաքի տակ», ռեժիսոր՝ Հրաչյա Զաքարյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ
«Ամանոր», ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան
«Էքսպեդիցիա X», ռեժիսոր՝ Գոհար Խաչատրյան
«Մշո գեղեն», ռեժիսոր՝ Արմիեն Հարությունյան
Լավագույն ռեժիսոր
Դավիթ Սաֆարյան, «28:94 Տեղական ժամանակ»
Հարություն Խաչատրյան, «Փակուղի»
Մհեր Մկրտչյան, «Կյանք ու կռիվ»
Վիգեն Չալդրանյան, «Վարդապետի լռությունը»
Լավագույն օպերատոր
Արթուր Ուստյան, «Վարդապետի լռությունը»
Արմեն Խաչատրյան, «28:94 Տեղական ժամանակ»
Վահագն Տեր-Հակոբյան, «Կյանք ու կռիվ»
Լավագույն սցենարիստ
Մհեր Մկրտչյան, «Կյանք ու կռիվ»
Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան, «Փակուղի»
Սևադա Գրիգորյան, «Բարի լույս»
Լավագույն դերասան
Աշոտ Ադամյան, «28:94 Տեղական ժամանակ»
Վարդան Մկրտչյան, «Վարդապետի լռությունը»
Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ»
Լավագույն դերասանուհի
Անի Խաչիկյան, «Կյանք ու կռիվ»
Անի Ղազարյան, «Վարդապետի լռությունը»
Յանա Դրուզ, «28:94 Տեղական ժամանակ»
Լավագույն նկարիչ
Դավիթ Դադունաշվիլի «Երկրաշարժ»
Միքայել Անտոնյան, Վարդան Սեդրակյան, «28:94 Տեղական ժամանակ»
Ներսես Սեդրակյան, Ավետ Տոնոյան, «Կյանք ու կռիվ»
Վիգեն Չալդրանյան, «Վարդապետի լռությունը»
Լավագույն կոմպոզիտոր
Արսեն Մարտիրոսյան, «Կյանք ու կռիվ»
Հայկո, «Երկրաշարժ»
Վահագն Հայրապետյան, Կարեն Հարությունյան, «Բարի լույս»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան