«Կես կամ մեկ տարվա մեջ մեզ կհաջողի կանխել բժիշկներին ծրարներով գումարներ տալը»
«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ շուտով վերջ է տրվելու ծրարներով գումարներ փոխանցելու երևույթին:
«Ծրարներով գումար տրամադրելու պայծառ ապագան 5 տարի չի տևի: Հավատացնում եմ, որ կես կամ մեկ տարվա մեջ մեզ կհաջողի կանխել այդ երևույթը, եթե դա դեռ կա»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ 5 տարուց առողջապահությունն անվճար կլինի, դա նշանակո՞ւմ է, որ բժիշկներին այլևս գումարներ չեն տալու:
Ինչ վերաբերում է առողջապահության անվճար դարձնելուն, նախարարն ասաց, որ անվճար ոչինչ չկա:
« Ես պետք է ինձ ուղղեմ, եթե նման բան եմ ասել: Անվճար ոչ մի բան չկա, ուղղակի կան դեպքեր, երբ վճարում է պետությունը, սահմաններ կան, որ վճարում է ապահովագրական ընկերությունը, հիմնադրամները, քաղաքացին և այլն»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե որն էր պատճառը, որ նախարարն «արժանացել» է Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակին, նախարարը պատասխանեց, որ ինքը պիտակների մասին չի լսել, քանի որ քիչ է հետաքրքրվում իր շուրջը պտտվող խոսակցություններով: «Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` իմ հանդեպ վերաբերմունքին, ապա ես այն գնահատում եմ կայուն և աշխատանքային»,- նշեց Լևոն Ալթունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դժվարամատչելի ծառայությունների գները 30%-ով կրճատվել են
- Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. Լևոն Ալթունյան
- Հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորում անցնեն. Լևոն Ալթունյան