Ամերիաբանկը նախաձեռնել է բանկոմատները հարձակումներից պաշտպանելու անվտանգության միջոցներ
Ամերիաբանկը հաղորդագրություն է տարածել՝ բանկոմատները հարձակումներից պաշտպանելու նպատակով իրենց կողմից իրականացվող նախաձեռնության մասին:
«Ամերիաբանկը ներկայումս իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով: Ներդրվող համակարգը համարվում է ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը:
Բանկոմատների վրա հարձակման փորձի դեպքում այս համակարգերն անհրաժեշտ պահին գունավորում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չլվացվող թանաքով:
Համակարգերի տեղադրումն իրականացվում է երկու փուլով: Այժմ համակարգերն առաջնահերթ տեղադրվում են Ամերիաբանկի այն բանկոմատներում, որոնք գտնվում են առավել ռիսկային տարածքներում, իսկ երկրորդ փուլում տեղադրվելու են Ամերիաբանկի մնացած բոլոր բանկոմատներում` անկախ գտնվելու վայրից:
Համակարգերի տեղադրման աշխատանքների հետ կապված` հնարավոր է որոշ բանկոմատների աշխատանքի կարճաժամկետ դադար, որի համար Ամերիաբանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում::