«Բարսելոնը» մտադիր է պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ վարել Էնրիկեի հետ
«Բարսելոնի» ղեկավարությունը շարունակում է հուսալ, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։
Խոսքերը, որոնք մարզիչը հնչեցրել է վերջերս կատալոնյան ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որոշ անհանգստություն են առաջացրել։ Լուիս Էնրիկեն, մասնավորապես, հայտարարել էր, որ աշխատում է աշխարհի լավագույն ակումբում, սակայն շեշտել էր, որ իր ապագայի վերաբերյալ որոշակի ոչինչ չի կարող ասել։ Նա նշել էր, որ մարզչի մասնագիտությունը նաև բացասական կողմեր ունի, ուստի պետք է մտածի պայմանագրի երկարաձգման մասին։
«Բարսելոնի» ղեկավարությունը, իր հերթին, պլանավորում է բանակցություններ վարել Լուիս Էնրիկեի հետ՝ պայմանագիրը մարտին երկարաձգելու համար։ Այդ իսկ պատճառով ակումբում համարում են, որ առաջիկա ամիսները շատ կարևոր են։
Ավելացնենք, որ «Բարսելոնի» հետ Լուիս Էնրիկեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը։