Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» առաջին կեսում մոռացել էր, թե որտեղ է դարպասը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Հալլ Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի արտագնա խաղում 3։0 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ թիմն ստիպված էր լրջորեն աշխատել։ Գվարդիոլայի խոսքերով՝ առաջին խաղակեսում իր թիմը վատ է գործել հարձակման գծում։
«Խաղն ինձ դուր եկավ, որովհետև մենք հաղթեցինք, բայց, ինչպես միշտ, դրա համար ստիպված էինք լրջորեն աշխատել,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջին կեսում մոռացել էինք, թե որտեղ է գտնվում դարպասը, երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստները քիչ ավելի լավ տեսան նպատակակետը։ Առաջին գոլից հետո գործն ավելի հեշտացավ։
Մեզ վրա միշտ ճնշում է գործադրվում, որովհետև մրցաշարային աղյուսակի վերնամասում լարված պայքար է ընթանում, իսկ մյուս առաջատարներն այսօր հաղթեցին։ Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի արժեք ունի»։