Արսեն Ջուլֆալակյան. «Արդեն ամաչում ես ասել, որ դու էլ ես չեմպիոն»
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով այս տարի այնքան էլ հաջող հանդես չեկավ Օլիմպիական խաղերում, սակայն շարունակում է մնալ Հայաստանի ուժեղագույն ըմբիշներից մեկը և երկար տարիներ բարձր է պահել իր երկրի պատիվը տարբեր միջազգային մրցաշարերում, ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մարդկանց մասին, ովքեր տարբեր բնագավառներում ինքնահաստատվել են` չունենալով համապատասխան որակավորում և տվյալ մասնագիտության հետ որևէ առնչություն չունենալով` ներկայանում են որպես այդպիսիք և խանգարում իրական մասնագետներին:
«Ցավոք, միջակությունը գնալով ավելի է խորանում, իսկ ինքնափիառն էլ դարձել է շատ հզոր զենք: Տեսնում ես «պրոֆեսիոնալ» դիետոլոգի ու ֆիթնես «մարզչի», ով մի քանի նյութ է կարդացել google-ից,ամբողջ մարմինը պլաստիկ վիրահատության է ենթարկել ու ինքն իրեն ներկայացնում է որպես բնագավառի առաջադեմ մասնագետներից մեկը (դրսում էլ վերապատրաստված)։ Նայում ես այդ «տեսակի» արած մարզումները, առնվազն ծիծաղդ գալիս է:
Կամ միջակ երգիչը երկու հատ գունավոր կլիպ է նկարում, 2 հատ էլ կիսամերկ նկար գցում facebook ու դառնում «ցանկալի հարսնացու», ձեռքի հետ էլ մի քանի տարուց տարբեր պարգևներ ստանում (շուրթերը լցրած` պարտադիր): Օրինակները շատ են՝ սկսած սուտի մենեջերներից, որ չգիտեն նույնիսկ, թե ինչ է այդ մասնագիտությունը, վերջացրած հայտնի մարմնավաճառներով, ովքեր այսօր որպես հեզության ու բարոյականության կերպար են ներկայանում:
Էլ չասեմ ինքնահռչակ աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոնների մասին: Այնքան են «շատացել» այս մեր փոքր երկրում, որ արդեն ամաչում ես ասել, որ դու էլ ես չեմպիոն»,- գրել է Արսենը: