«Մխիթարյանին խնդիրն ընդհանրապես չի անհանգստացնում»
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք որքանո՞վ է ճիշտ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակից դուրս մղելը:
Հայաստանի լրագրողների մարզական ֆեդերացիան օրեր առաջ հրապարակել էր 2016 թ. լավագույն 10 մարզիկների անունները, որտեղ ընդգրկված չէր որևէ ֆուտբոլիստի անուն: Քվեարկողները նախապատվությունը տվել էին Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին ու մրցանակակիրներին: Ելնելով դրանից`հավաքականի որևէ ֆուտբոլիստ չէր ընդգրկվել լավագույնների պոտենցիալ ցուցակում, քանի որ ազգային ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս և տարվա կտրվածքով որևէ արդյունք չի արձանագրել:
Panorama.am-ը որոշեց խոսել սպորտի հետ առնչություն չունեցող մարդկանցից մի քանիսի հետ, քանզի մարզաշխարհի ներկայացուցիչների տեսակետն արդեն երևաց քվեարկության արդյունքներում:
Աշոտ Գևորգյան` մանկավարժ. «Ես չեմ հասկանում, թե ինչու Մխիթարյանը չի ընդգրկվում լավագույն մարզիկների շարքում: Նա պատվով է ներկայացնում մեր երկիրն աշխարհում և արժանի է լավագույնի կոչմանը: Ես դժգոհ եմ, գուցե Օլիմպիական կոմիտեի ու ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների անհամաձայնության հետևանքն է սա, բայց մարդիկ պետք է ճանապարհ բացեն արժանի մարզիկի առջև: Պետք է իրական մեղավորները հաշտվեն և դադարեն թշնամիներ փնտրել»:
Հրանտ Մելքոնյան` ֆինանսիստ. «Բոլորս ենք սիրում Մխիթարյանին, գլուխ խոնարհում նրա առաջ: Այն խոչընդոտները, որոնք նա հաղթահարել է, օրինակ են երիտասարդների համար: Բայց եկեք անկեղծ լինենք. ի՞նչ արդյունքներ է արձանագրել Հայաստանի ազգային հավաքականը, ինչո՞վ է Հենոն աչքի ընկել մեր ազգային թիմում: Ոչ մի արդյունք չունենք: Բավական է Մխիթարյանի և լրագրողների միջև սեպ խրել: Վերջիներս իրենց գործն են կատարում: Չեմ կարծում, թե Հենրիխը չի պատկերացնում, թե իրականում երբ կարող է լավագույն մարզիկ ճանաչվել: Իհարկե, դա կախված է միմիայն հավաքականի մրցելույթներից»:
Արտյոմ Մուրադյան` վարկային մասնագետ: «Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկության ընթացքում միշտ պետք է առաջ մղել Հայաստանի հավաքականի արդյունքները: Եթե մարդն ամեն ինչ արել է ազգային թիմի համար և արդյունքներն էլ կան, ուրեմն միանշանակ պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում: Որքան էլ սիրենք Մխիթարյանին, սկզբունքը պետք է գործի. պետք է գնահատվի ազգային հավաքականում մրցելույթը, իսկ ազգային հավաքականը տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի ունեցել: Այո, նա լավ է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», բայց դա ընդամենը բիզնես է: Կարծում եմ, Մխիթարյանին խնդիրն ընդհանրապես չի անհանգստացնում: Սա անհանգստացնում է նրանց, ովքեր Հենրիխի տրանսֆերի վաճառքից գումարներ են ստանում»:
Իշխան Քիշմիրյան