Մխիթարյան. «Ամենաշատն ուրախացել եմ Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, կարիերայի ամենատպավորիչ գոլի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանկունյանցիների կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդին» սկսել եմ հետևել դեռևս Էրիկ Կանտոնայի ժամանակներից: Սիրում էի նրա, ինչպես նաև Անդրեյ Կանչելսկիսի խաղը: Վերջինս ռուս ֆուտբոլիստ էր և բավական հետաքրքիր: Սակայն ամենամեծ կուռքս էր Ալեքս Ֆերգյուսոնը:
Երբ դարձա ֆուտբոլիստ, սկսեցի երկրպագել եմ Զինեդին Զիդանին: Ինձ դուր էր գալիս ոչ միայն այն, թե ֆրանսիացին ինչ էր անում խաղադաշտում, այլև նրա առաջատարի որակները: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ և օգնում նրանց»,- նշել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ նախապաշարմունք չունի և մեծանալով հասկացել է, որ ամեն ինչ իր գլխում է: Խոսելով իր լավագույն գոլի մասին, Մխիթարյանն առանձնացրել է Թուրքիայի հավաքականի դարպասը խփած գնդակը:
«Ամենաշատն ուրախացել եմ Հայաստանի երիտասարդական թիմի կազմում Թուրքիայի ընտրանուն խփած գոլի ժամանակ (2009): Չափազանց կարևոր հանդիպում էր մեզ համար, և հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին: Աննկարագրելի զգացողություններ էին, որոնք ունեցել եմ գոլ խփելուց հետո:
Չգիտեմ, թե որն է լավագույն գոլս, քանի որ դրանք շատ են: Հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ գոլեր կխփեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում»,- ասել է Մխիթարյանը: