Օրենքի առկայությունն ընտանեկան բռնության դեպքում շատ կարևոր է. Իրավապաշտպաններ
Այս տարի Հայաստանում արձանագրվել է կնասպանության 10 դեպք: Կանանց բռնության հարցերով զբաղվող տարբեր ՀԿ-ներ իրենց թեժ գծերին ստացել են ավելի քան 5000 զանգ, ոստիկանության և քննչական կոմիտեի տվյալներով՝ ստացել են մոտ 1500 զանգ, - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա նշեց, որ այս թվերը վկայում են, որ այս ոլորտում կան չլուծված հարցեր:
Իրավապաշտպանի խոսքով, խնդիրների լուծմանը կնպաստի «Կանանց իրավունքների պաշտպանությունը և ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունումը:
«Կոալիցիան լուրջ աշխատանք է տարել այս ուղղությամբ, ներկայացրել է իր դիտարկումները: Դեռևս արձագանք չենք ստացել՝ արդյոք ներառվելու են մեր դիտարկումները նախագծում, թե ոչ»,- ասաց Զ.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այժմ նախագիծն աշխատանքային փուլում է, հանված է շրջանառությունից:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ից Աննա Հովհաննիսյանն ասաց, օրենքի նախագծի հետ կապված տարբեր կարծիքներ շրջանառվեցին, որ օրենքը վտանգավոր է, կարող է խափանել հայ ընտանիքի երջանկությունը:
«Օրենքի առկայությունն ընտանեկան բռնության դեպքում շատ կարևոր է, քանի որ կտրամադրի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պաշտպանել, փրկել մարդկանց կյանքերը, որոնցով պետական կառույցերը, իրավապահ հակամարգը կկարողանան միջամտություն կատարել: Նույնիսկ իրավապահ համակարգից ենք շատ անգամ լսում, որ չունեն պաշտպանելու մեխանիզմ: Երբ գնում ես ոստիկանություն, ասում՝ պաշտպանել այս մարդուն, պատասխանում են, որ չկա օրենք, մեխանիզմ: Օրենքի առկայություն դեպքում օրենքով կդիմես կառույցին ու այդ ժամանակ չեն կարող ասել, որ չկա մեխանիզմ: Իսկ դա իրականում երկար գործընթաց է: Կարծրատիպ կոտրելու համար պետք են տարիներ, այստեղ պետության դերը մեծ է, կարևոր է գենդերային կրթությունը՝ սկսած մանկապարտեզից, դպրոցից»,- նշեց նա:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանն ասաց, որ օրենքի կիրառելիությունը, ինչպես ցանկացած այլ օրենք, դժվար կլինի, քանի որ ենթադրում է տարբեր օղակներում աշխատող պատասխանատուների վերապատրաստում, իրազեկվածության բարձրացում, ապաստարանի համար ֆինանսական միջոցներ:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանն ասաց, որ միայն օրենքը բավարար չէ, եթե չստեղծվի լիակատար միջավայր, որում իբրև կին, քաղաքացի, անհատ հնարավորություն կունենա օգտվելու, պաշտպանելու իր իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- Կանանց նկատմամբ խտրականությունը շատ խորքային է Հայաստանում. իրավապաշտպան
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կազմակերպության բաց նամակը՝ վարչապետին
- 11 տավա ազատազրկում՝ կնոջը դանակի 30 հարվածով սպանելու համար
- «Ո՞վ է հաջորդը». Կնասպանության դեմ բողոքի ակցիա
- Դա երեխայի կռիվ չէր, դա փողի կռիվ էր. Փաստաբանը՝ կացնահարման դեպքի մասին
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա». «Եթե լիներ պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ, գործը կացնահարությամբ չէր ավարտվի»
- Երևանում կատարված դաժան սպանության փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- Դաժան սպանություն Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին