Հիմա մեզ մոտ պրոֆեսիոնալիզմի զարհուրելի ճգնաժամ է. Դավիթ Գասպարյան
«Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի մեջ աստիճանաբար վերականգնել ազգային, մարդկային արժանապատվությունը: Պարտվողականությունը, անարժանապատիվ կեցվածքը պետք է վերանա, առաջվա հպարտ հայի կերպարը չկա, որովհետև սոցիալական վիճակն անմխիթար է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին կատարված դեպքերն ամեն տեսակի արժեքների կորստի հասցրեցին:
«Այս ամենի մեջ մարդկանց դեմքին ուզում ես ժպիտ որոնել: Որտեղի՞ց գտնես: Այս ամենի մեջ մարդկանց փոխադարձ հարաբերությունների մեջ ուզում եմ բարեկրթություն, որևէ վեհ բան գտնես, չես գտնի, որովհետև իջեցրել ենք ձողն ու շեմը:
Մեր ժողովուրդն ունի ներքին մի ուժ, բայց պահը որ գալիս է, կպայթի զինված խռովության պես: Ժողովրդի համբերության լարն այդքան պետք չէ ձգել: Պետք է երեսով դեպի ժողովուրդը գնալ, մի բան անել ժողովրդի համար, հետո պահանջել: Ժողովուրդն առանց մի լավ բան ստանալու՝ անհատույց իր պետությանը ծառայում է: Դա էլ նրա պարտքն է»,- ասաց գրականագետը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է ժողովրդի դեմքին վերադարձնել ժպիտը:
Դ.Գասպարյանը նշեց, որ ծանր է տանում հայոց լեզվի աղավաղումը, որը նկատել է բոլոր ասպարեզներում:
«Մենք պետք է բարձր արվեստ ստեղծենք, նոր խոսենք արվեստի մասին: Վատ գրականություն կարդացող չկա, վատ թատրոն հաճախող չկա: Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի: Հիմա մեզ մոտ պրոֆեսիոնալիզմի զարհուրելի ճգնաժամ է, միջակին տանում դնում են ուժեղի գլխին տնօրեն, միջակացնում են ամեն ինչ»,- ասաց գրականագետը:
Երաժիշտ Վահան Արծրունիի խոսքով՝ այս տարի ազդակների տարի էր, քաղաքական իմաստով ազդակների. «Իշխանական զանգվածից ուղերձները դեպի հանրություն, քաղաքացի, ակնհայտ էին»:
Նա նշեց, որ, որպես արվետագետ, արձանագրում է մշակութային դաշտի սեգմենտավորում:
Ասուլիսին ներկա ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ասաց, որ պետություն ունենալու միակ նպատակն այն է, որպեսզի այդ պետությունը պաշտպան կանգնի իր մշակույթին, այսինքն տեսակին:
«Պետություն դրա համար են ստեղծել, ուրիշ ոչ մի բանի համար: Բայց եթե այսօր մշակույթին ամբողջ բյուջեից տրվում է 2-3 տոկոս…: Հարցն այն չէ, որ պետությունը պետք է ֆինանսավորի մշակույթը, այլ հարցն այն է, որ պետք է կազմակերպի այնպես, որ մշակույթը բարձրանա»,- ասաց ռեժիսորը՝ նշելով, որ միայն մեկ անձով, կոնկրետ նախարարով չէ պայմանավորված մշակույթը, այլ ռազմավարություն է պետք, համակարգը պետք է փոխել:
Հ. Վարդանյանը նշեց, որ այսօր պետք է բոլորի ուշադրությունը սևեռված լինի երեխաների, երիտասարդության վրա, պետք է ապահովել լավ ուսում, շփումը բարձր արվեստի հետ: