Պետք է փորձենք վերադարձնել տոների հոգևոր ընկալումը. Տեր Նշան քահանա Ալավերդյան
«Մեր ժողովուրդը քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և մեր փոքր ու մեծ գործերը միշտ սկսում ենք աղոթքով՝ Աստծո օրհնությամբ լինի: Նոր տարին էլ մի ամբողջական, 365-օրյա շրջան ընդգրկելով իր մեջ կարևորվում է այնքանով, որ այնպայման աղոթքով սկսվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ինչպես ճանապարհ ընթանալիս, որևէ լուրջ գործ սկսելիս, նոր տուն մտնելիս, այնպես էլ տարեմուտի գիշերը կարևոր է աղթոքով սկսելը. «Տարեցտարի ավելանում է, երբ մարդիկ տարեմուտի գիշերը դիմավորում են եկեղեցիներում, Մայր Աթոռից սկսած մինչև հեռավոր համայանքներ, սակայն այստեղ կարևորը հոգևոր ընկալումն է՝ անկախ այն բանից կլինես եկեղեցում, թե տանը: Արդեն երրորդ տարին է, որ մենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Նռնօրհներքի կարգ ենք կատարում, որը խորհրդանշանական կերպով ամբողջ տարվա և բերքառատության ընկալման, և համախմբման արտահայտումն է: Հենց այն ժամանակ էլ տեղի է ունենում աղոթք մեր պետության համար: Այս կարգը սահմանվել էր 1918 թվականից ի վեր: Դեկտեմբերի 31-ին զանգերը հնչելուց հետո միասնական աղոթական կարգ է արվում բոլոր եկեղեցիներում, դրան հաջորդում է հանրապետության աղոթքը, որը կոչվում է Հանրապետական մաղթանք»:
Հոգևոր հովիվը նշեց, որ Նոր տարին ընկալվում է որպես ընտանեկան տոն և այդ օրերին շեշտադրումը պետք է դնել ոչ թե նյութականի, ուտելիքային բովանդակության վրա, այլ հոգևոր բեռնաթափման, ընտանիքի միասնության ու սիրո, մեկը մյուսով զորանալու վրա. «Հետսովետական տարածաշրջանում է ավելի շատ շեշտադրվում է Նոր տարին, և այն բոլոր գեղեցիկ տոնակատարություննները որոնք Սուրբ ծնունդին էին վերաբերում, արվում են մի քանի օր առաջ: Հիմա պետք է փորձենք վերադարձնել այն գեղեցիկ հոգևոր ընկալումը, որ բոլորի համար սիրված դառնա այս տոնը, այլ ոչ կնճռոտ ֆինանսական բեռ»:
Ինչ վերաբերում է երևույթին, երբ մարդիկ տարեմուտի գիշերը անց են կացնում նոր մահացած հարազատի շիրիմի մոտ, Տեր Նշան քահանա Ալավերդյանն ասաց. «Եկեղեցին այդպիսի սովորություն ունի, որ հոգևոր տոների հաջորդ օրն են այցելում գերեզմանատներ, իսկ քանի որ Նոր տարին աշխարհիկ տոն է, իմաստ չեմ տեսնում այցելության: Շատ ճիշտ է այդ միտումը տեղափոխել հունվարի 7, սուրբծննդյան հաջորդ օրը, իսկ ննջեցյալների համար կարելի է աղոթել հունվարի 1-ին՝ կիրակի օրը մատուցվող պատարագի ժամանակ»: