Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2,429,400,000 դրամով: Ներկայում Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է 31.9 մլրդ դրամ՝ գերազանցելով նորմատիվային նվազագույն շեմը:
Բանկից հայտնում են, որ լրացուցիչ թողարկված Բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը ձեռք է բերել 7,693 հատ սովորական բաժնետոմս և դարձել Բանկի կանոնադրական կապիտալում 14.06 %-ի չափով մասնակից: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի կանոնադրական կապիտալում 5% մասնակցության համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս:
Սա Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին Բանկի հիմնական մաժորիտար բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: