Վաղը կունենանք արժանի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային կինոյի հարթակներում. Կինոգետ
Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է: 1985 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:
Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակներում:
Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:
Panorama.am-ը զրուցել է կինոգետ, Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանի հետ՝ հայկական ժամանակակից կինոյի, ֆիլմարտադրության, հեռանկարների մասին:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայկական ֆիլմարտադրողները հետևում են միջազգային չափանիշներին, թեմատիկային, թե հայկական շրջանակներից դուրս չեն գալիս, նա ասաց. ««Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխության ընթացքում դիտարկեցի ֆիլմարտադրության ամբողջ պրոցեսը, նկատեցի, որ հետաքրքրություն կա ժամանակակից թեմայի նկատմամբ, որը շատ կարևոր է: Բացի սրանից, նաև գեղարվեստական լուծումներն են համապատասխանում բարձր չափանիշներին: Տեսնում ենք հետաքրքիր դերասանական աշխատանք, հետաքրքիր ձայնային լուծումներ: Կարևորում եմ ֆիլմի երաժշտությունը, երբ համահունչ է ֆիլմին և ֆիլմը բարձրացնում է արվեստի մակարդակի:
Լավատես եմ: Հիմա լավատեսությունս հիմնված է ոչ միայն իմ զգացողության, ցանկության վրա, այլ ֆիլմերն են թույլ տալիս խոսել այդ մասին: Ուրախալի է, երբ տեսնում ես ճիշտ տենդենցներ, նախադրյալներ, զարգացումներ: Այսօր կա թեմայի ընտրություն, այսօրվա հայկական կինոն ունի հերոս: Ասում էինք՝ հայկական կինոյում հերոս չկա, դրամատուրգիան ոնց որ թույլ չի տալիս բարձրարժեք ֆիլմեր ստեղծել: Այսօր տեսնում ենք, որ կան ֆիլմեր, որտեղ դրամատուրգիան կուռ է, կա իրական հերոս, որը հերոսացված է շատ նուրբ ձևով: Ի տարբերություն նախկինի, երբ հերոսացվում էին կերպարներ, որոնք շատ անգամ հեռու էին կյանքից, այսօր տեսնում ենք կյանքից եկած մարդիկ, ովքեր հերոսանում ենք աչքիդ առաջ: Դա շատ հուզական է և դրական:
Իհարկե, քանակը տալիս է որակ: Մի ժամանակ քիչ ֆիլմեր էին ստեղծվում, այդ ժամանակ դժվար էր խոսել ապագայի որակի մասին: Այսօր կարող ենք ասել, որ նախադրյալներ կան, հեռանկարներ կան, կան պրոֆեսալ ռեժիսորներ, ովքեր կարողանում են ձևավորել այնպիսի ստեղծագործական խումբ, որը տալիս է գեղարվեստական չափանիշներին համապատասխան պրոդուկտ: Դա շատ հուսադրիչ է:
Իհարկե, վաղը կունենանք արժանի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային կինոյի հարթակներում, փառատոներում»:
Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ փոքր գումարով հնարավոր չէ լավ ֆիլմ անել, փաստորեն, հնարավոր է, Ա.Երզնկյանն ասաց. «Տարիներ առաջ իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան Հայաստանում էր, թատերական ինստիտուտում անցկացնում էր վարպետության դասեր: Դահլիճից հարց հնչեց՝ արդյո՞ք կարելի է փոքր գումարով ֆիլմ անել, նա ասաց, որ կարևորը միտքն է, այն բովանդակությունը, որն ուզում եք փոխանցել էկրանին»:
Ա. Երզնկյանի խոսքով՝ ամենակարևորը՝ ֆիլմերը պետք է ունենան գեղարվեստական լուծումներ, լավ դրամատուրգիա, ճիշտ գտած շեշտադրություններ, ձայնային լուծումներ և երաժշտություն, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, լավ դերասաններ:
Հարցին, թե ի՞նչ թեմայով ֆիլմեր կցանկանաք ստեղծվեն, կինոգետն ասաց. «Նախապատվությունները շատ լայն են, բայց, իհարկե, ժամանակակից, նաև պատմական, որն իր մեջ որոշակի մեսիջներ կպարունակի ուղղված այսօրվան, գալիք սերունդներին»: