Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան
Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը մեր կանխատեսումներով կկազմի առնվազն 25 տոկոս»,-ասաց նախարարը:
Սակայն, ըստ Կարայանի, այդ ցուցանիշներն իրենց չեն գոհացնում, քանի որ ՀՆԱ-ում արտահանման ծավալները կազմում են մոտ 30 տոկոս: «Կայուն տնտեսական աճ ապահովելու համար գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է ներդնենք, որ արտահանման ծավալները ՀՆԱ-ում կազմեն առնվազն 40-50 տոկոս»,- ընդգծեց նախարարը:
Սուրեն Կարյանի խոսքերով՝ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, դրա համար փորձելու են դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ըստ երկրների և ապանքատեսակների: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ կա չօգտագործված ներուժ, ուստի առաջին քայլերից մեկը, ըստ նախարարի, լինելու է այն, որ մեծացնեն արտահանման ծավալները ոչ միայն ԵԱՏՄ, այլև ԵՄ երկրներ:
Նախարարը նաև նշեց, որ կարճ ժամանակահատվածում փորձել են հայկական ապրանքների համար ընդլայնել արտոնյալ առևտրային ռեժիմներ ունեցող շուկաների մուտքը: Մասնավորպես, ԵԱՏՄ երկրների պատասխանատու գերատեսչությունների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խնդիրների օպերատիվ լուծում տալու համար:
Սուրեն Կարայանը հայտնեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին ներկայացրել է առանձնահատուկ ապրանքատեսակների ստանդարտներ, որոնց ընդունումով այդ ապրանքներն առանց խոչընդոտի կարտահանվեն ԵԱՏՄ շուկաներ: Այդ ապրանքներից են հանքային ջրերը, կոնյակը, բաստուրման, սուջուխը, «Նարինե» կաթնաթթու մթերքը, մածունը։ «Դա թույլ է տալիս նշված մթերքների չափանիշները համաձայնեցնել ԵՏՄ սանիտարական պահանջների հետ»,- ասաց նա:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նաև նշեց, որ Հայաստանում գործող լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵԱՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում համախմբել փոքր քանակությամբ արտադրվող ապրանքատեսակները և այդ ընկերությունների միջոցով արտահանել ԵԱՏՄ երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին